ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Հարութ Սասունյան. «Իսրայելն ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար մեկ լավ պատճառ»

Հարութ Սասունյան. «Իսրայելն ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար մեկ լավ պատճառ»
20.06.2012 | 13:48

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Հունիսի 12-ին Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում տեղի ունեցավ «պատմական նիստ», որի ընթացքում «յոթ տարբեր քաղաքական կուսակցություններ ճնշող մեծամասնությամբ հավանության արժանացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման» հարցը, նշում է Երուսաղեմում Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով ինստիտուտի գործադիր տնօրեն դոկտոր Իսրայել Չարնին: Նա զգուշորեն կանխատեսում արեց, որ Քնեսեթն ավարտին կհասցնի իր բոլոր օրենսդրական գործընթացները, որոնց արդյունքում կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:

Թեև Հայոց ցեղասպանության ընդունումը ողջունելի է, Իսրայելը պետք է դա արած լիներ վաղուց: Իրականում, հրեական պետությունը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին երկիրը` Հոլոքոստի (Շոայի) ահռելի ժառանգության պատճառով: Ո՞վ կարող է լիիրավ կիսել ցեղասպանության զոհերի ցավը, քան նման ճակատագրի արժանացած ազգը: Ինչպես նիստի ժամանակ նշեց Քնեսեթի անդամ Նինո Աբեսադզեն «Մենք նույնպես տուժած ազգ ենք, և հենց այդ իսկ պատճառով իրավունք չունենք չընդունել այլ տուժած ժողովրդի ցավը»: Քնեսեթի մեկ այլ ազդեցիկ անդամ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Զեյև Էլկինն ասաց «Մենք վերջին ազգերից մեկն ենք աշխարհում, որ դեռ չենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա մեր բարոյական պարտքն է, որը դեռ չենք կատարել» :

Հունիսի 12-ի նիստի ընթացքում, Քնեսեթի նախագահ Ռուվեն Ռիվլին խոսեց «հաստատակամ և ոգեշնչմամբ, խորը զգացմունքով հրեաների և Իսրայելի կողմից ուշացած ճանաչման հրամայականի մասին», հայտնեց դոկտոր Չարնին: Նախագահ Ռիվլին հայտարարեց, որ կարիք չկա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նոր քվեարկության դրվի, քանի որ Քնեսեթը միաձայն քվերակությամբ ճանաչել էր Ցեղասպանությունը անցյալ տարի: Դոկտոր Չարնին բացատրեց, ի տարբերություն ԱՄՆ կոնգրեսի, Քնեսետի որոշումները, մինչև իր հանձնաժողովներից մեկի կողմից քննարկվելը, առաջին հերթին լսվում են լիագումար նիստում: Հայոց ցեղասպանության որոշման հաջորդ հանգրվանը Կրթության հարցերով հանձնաժողովն է, որից հետո այն հետ կուղարկվի Քնեսեթ վերջնական քվեարկության համար: Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ Քնեսեթը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հունիսի 12-ի անսպասելի իրադարձություններից մեկը Բնապահպանության նախարար Գիլադ Էրդանի հայտարարությունն էր, որպես Կառավարության պաշտոնական խոսնակ: Նա միանշանակ հայտնեց, որ Իսրայելը որոշել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավելին, նախարար Էրդանը պնդեց, որ «Իսրայելի պետությունը երբեք չի հերքել այն, ընդհակառակը, մենք սգում ենք Հայոց ցեղասպանությունը»: Սա զարմանալի հայտարարություն էր, քանի որ քաջ հայտնի է, որ Թուրքիայի ճնշման տակ Իսրայելը մշտապես դեմ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այնուամենայնիվ, չնայած Իսրայելի պետության կողմից ցեղասպանության ժխտմանը` 2000 թվականի ապրիլի 24-ին արդարադատության նախարար Յոսի Բեյլին և Կրթության նախարար Յոսի Սարիդը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը` արժանանալով կառավարության անմիջական դատապարտմանը: Բեյլինը ցեղասպանությունը ճանաչել էր նաև 1994 թվականին, երբ դեռ արտաքին գործերի փոխնախարար էր:
Այն փաստը, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները տեղի են ունենում թուրքիսրայելական հարաբերությունների վատթարացման ժամանակաշրջանում, լուրջ հարցականներ է բարձրացնում Իսրայելի կառավարության իսկական նպատակների կապակցությամբ: Բարոյապես նողկալի է տեսնել, որ մի ազգի զանգվածային ոչնչացման հարցը շահագործվում է կոպիտ քաղաքական նկատառումներով: Չնայած, պետք է գիտակցել, որ միջազգային հարաբերությունները հազվադեպ են խարսխվում բարոյական սկզբունքների վրա: Եթե չլինեին տնտեսական և քաղաքական նկատառումները, ամբողջ աշխարհը վաղուց արդեն ճանաչած կլիներ Հայոց ցեղասպանությունը:
Թեև քննադատներին կարող է չգոհացնել, որ Իսրայելը քննարկում է Հայոց ցեղասպանության ընդունման հարցը Թուրքիայի հետ գժտություններ ունենալու ժամանակ, սակայն, իմ կարծիքով, շատ ավելի սխալ էր այսքան տարի շարունակ իրողությունը չընդունելը: Նույնիսկ հիմա, չնայած անցյալի սխալները սրբագրելու և ճշմարտությունը պահպանելու ջանքերին, Իսրայելի որոշ պաշտոնատարները մտահոգված են, որ Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումն էլ ավելի կսրի Թուրքիայի հետ հարաբերությունները: Քնեսեթի անդամ Արիեհ Էլդադը մերժեց նման առարկումները՝ մատնանշելով ընդդիմախոսների անտրամաբանական դիրքորոշումը. «Մի քանի տարի առաջ մարդիկ ասում էին, որ մենք չենք կարող խոսել դրա մասին` հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր բարիդրացիական հարաբերությունները: Այժմ մարդիկ ասում են, որ չենք կարող խոսել դրա մասին՝ ելնելով Թուրքիայի հետ մեր վատ հարաբերություններից»: Էլդադն ավելացրեց, որ երբ մարդիկ հակված չեն հասցեագրել բարոյական և էթիկական խնդիրներ, միշտ պնդում են, որ դեռ քննարկման ժամանակը չէ:

Այնուամենայնիվ, մեկ կարմիր գիծ կա, որ ոչ մի հայ չպետք է անցնի. Իսրայելի պաշտոնատարները փորձում են Հայաստանից և հայերից քաղաքական զիջումներ ստանալ ցեղասպանության ճանաչման դիմաց: Նման պահանջները պետք է կտրականապես մերժվեն , քանի որ հայերը ոչնչով պարտական չեն Իսրայելին ցեղասպանության ճանաչման համար՝ դա համընդհանուր ընդունված պատմական փաստ է: Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը պարզապես, քանի որ դա է ճիշտ քայլը՝ արտացոլելով աշխարհասփյուռ առաքինի հրեաների զգացմունքները:


(Թարգմանիչ` Կ. Գևորգյան)

Դիտվել է՝ 2779

Մեկնաբանություններ